Ամերիկացի ճանապարհորդ Բրայըն Քելլին (Brian Kelly) բոնուսային մղոններով վճարել է առաջին կարգի երեքսենյականոց ապարտամենտում թռիչքի համար: 32-ամյա բլոգերը Նյու Յորքից Աբու-Դաբի է հասել Etihad Airways ավիաընկերության ինքնաթիռով: Քելլիի հետ ճանապարհորդել է նաեւ ընկերուհին` Քերի Անդերսոնը (Keri Anderson): 32 հազար դոլար  ընդհանուր արժողությամբ երկու տոմսի համար բլոգերը վճարել է 100 հազար բոնուսային մղոնով:  

Airbus A380 ինքնաթիռով թռչելիս Քելլին եւ նրա ընկերուհին կարող էին անսահմանափակ օգտվել էլիտար ալկոհոլով բարից:  Նրանց տրամադրության տակ  հսկայական մահճակալով ննջարան էր, լոգասենյակ եւ մեծ հյուրասենյակ: Ուղեւորներին սպասարկում էր անձնական օգնականը: Թռիչքը  12,5 ժամ է տեւել:

Քելլին  The Daily Mail-ին պատմել է, որ ինքնաթիռում նրանց մատուցել են իտալացի շեֆ-խոհարարի պատրաստած ուտեսներ, բոլոր տարածքներում անվճար Wi-Fi է եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Հոկտեմբերի վերջին տեղեկացրել էին, որ բլոգեր ճանապարհորդ Սեմ Հուանը կարողացել է  60 հազար դոլար արժեցող տոմսի համար վճարել բոնուսային մղոններով: Ուղեւորության ընթացքում նա  11 քաղաք եւ յոթ երկիր է այցելել, օգտվել է փոխադրողի կանոններում առկա սողանցքով, որը թույլ է տալիս մի քաղաքից մյուսը մի քանի կանգառով թռիչք իրականացնել այն դեպքում, եթե դա մեկ օրից երկար չի տեւում: