Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի 35 երեխա արդեն մեկ տարի է մնացել է առանց մանկապարտեզի։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի փակված միակ մանկապարտեզի տնօրեն Մարլենա Բաբայանը խոսքով, ինքը 12 ամիսների ընթացքում դիմել է Հայաստանի համարյա բոլոր կառույցներին, սակայն ոչ մի դրական արձագանք չի ստացել։ Մարլենա Բաբայանը նշեց, որ այլեւս հույս չունի, որ գյուղի մանկապարտեզը կվերաբացվի, գյուղի երեխաները, որոնք զրկված են պարի, լողի կամ այլ տեղեր հաճախելու հնարավորությունից, զրկվել են նաեւ ամենամինիմալից՝ մանկապարտեզ հաճախելու հանրավորությունից։
«2015թ. հունվարի 1-ից մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է, փոխարենը խոստացել էին նախակրթարան բացել, դա էլ չարեցին։ Դիմել եմ համարյա բոլոր հնարավոր օղակներին, Կրթության եւ գիտության նախարարից ոչ մի արձագանք չստացա, կառավարությունից էլ պատասխանեցին, որ համապատասխան ֆինանսավորում չկա, դրա համար էլ փակվում է։ Ամեն անգամ շենքի մոտով անցնելիս, ափսոսում եմ, որ դռները փակ են, իսկ երեխաները մանկապարտեզում լինելու փոխարեն ցեխոտ փողոցներում խաղում են»,-ասաց տիկին Մարլենան։
Նշենք, որ ավելի վաղ Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դեմիրճյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ մանկապարտեզը լուծարվել է ֆինանսական միջոցների պակասի պատճառով։ Մինչդեռ դեբեդավանցիների տեղեկություններով՝ մանկապարտեզը փակվել է, դրա փոխարեն նախակրթարան բացելու նպատակով, որը մինչ այժմ չի բացվել։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ավագանու՝ 2014թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ գյուղի միակ մանկապարտեզը լուծարվել էր: Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Մարլենա Բաբայանն ասել էր, որ 2015թ. հունվարի 1-ից մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է, սակայն այդ մասին իրեն տեղեկացրել են միայն հունվարի 15-ին՝ առանց լուծարման հիմնավորում ներկայացնելու։




























