Վանաձորի Բազում թաղամասի 3-րդ կարգի վթարային շենքի բնակչուհի Լիանա Հայրապետյանն ահազանգում է, որ շենքն այնքան է քայքայվել, որ բնակարանների միջնապատերն արդեն փլվում են:

«Շենքը կառուցել ու շահագործման են հանձնել 1980թ.: Հենց այդ ժամանակվանից, երբ բնակարանները բաշխեցին բնակիչների միջև, պարզ դարձավ, որ շենքը կառուցվել է արտեզյան ջրերի վրա, որն անընդհատ դուրս էր գցում ու քայքայում շենքի հիմքը: 35 տարի ա՝ շենքը ջրի վրա է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լիանա Հայրապետյանը:

Շենքի պատերը խոնավությունից քայքայվել են, անձրեւաջրերը տուն են լցվում, ինչի պատճառով Հայրապետյանները 9-րդ հարկից տեղափոխվել են 8-րդ հարկի բնակարաններից մեկը՝ վարձով բնակության:

«Սա էլ չի օգնում: Ամեն անձրեւի ժամանակ ջրի տաշտեր ենք դնում ու ստիպված ենք լինում  դատարկել ամեն անգամ: Էնքան էդ ջրերը կրեցի, դատարկեցի, մինչև գրիժա ստացա»,- ասաց բնակչուհին:

Բնակիչներն իրենց խնդրին լուծում տալու պահանջով դիմել են Լոռու մարզպետարան ու  Վանաձորի քաղաքապետարան, սակայն անօգուտ:

Վանաձորում փլվող շենքի անունը «լողացող բարձրահարկ» են դրել։

«Մինչև երկարաշարժը մեզ ասում էին, որ մեզ պետք է տեղափոխեն, որովհետև մեր շենքը փլվող շենք է, բայց երկրաշարժը եղավ ու ամեն ինչ էսպես մնաց»,- նշեց Լիանան: