Աշտարակ քաղաքում բնակվող Հակոբ Հարությունյանը, որի 3-ամսական դստեր դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր գետնափոր տնակի հարեւանությամբ, համաձայն չէ փորձաքննության արդյունքների հետ, ըստ որի իր երեխան մահացել է գանգուղեղային բութ վնասվածքներից:
«Ես երեխայի մոր՝ Անժելայի հետ էլ խոսեցի, հուղարկավորության ընթացքում նայել ա, գլխարկն ա փորձել, վնասվածքներ չի եղել: Ասում ա՝ ես մաման եմ, ես ոչինչ չեմ տեսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հարությունյանը:
Հակոբ Հարությունյանը նշեց, որ երեխայի մայրն իրեն ասել է, որ երեխան հուղարկավորության ժամանակ անզգուշաբար ընկել է իր ձեռքից:
Նշենք, որ փորձաքննությամբ երեխայի մոտ հայտնաբերվել են մահվան պատճառի հետ կապի մեջ գտնվող՝ ճակատոսկրի աջ ու ձախ կեսերի, գագաթոսկրերի, վերնոսկրային, սպոնեւրոզային, ներոսկրային արյունազեղումներ, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործության, հնարավոր է՝ գլխին հարվածներ հասցնելու հետեւանքով ու դարձել են երեխայի մահվան պատճառ:
Նշենք, որ երեխային սպանելու մեջ մեղադրվում է նրա հոր երկրորդ կինը: 38-ամյա Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նա կալանավորված է: Նշանակվել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3-ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ:
Հակոբյանների ընտանիքում ապրում են մահացած երեխայի մայրը՝ Անժելան, նրա երկու երեխաները, Հակոբի Հարությունյանի երկորդ կինը՝ Արմինեն ու նրա երկու երեխաները: Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ, որոնցից մեկը գիշերօթիկում է սովորում: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը՝ սոցիալապես վատ պայմաններում, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափոր տանը տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին:



























