Լոռու մարզում դեկտեմբերի 4-ին ողբերգական վթարից մահացած 24-ամյա Նարեկ Մխոյանը Վանաձորից քրոջ ամուսնու՝ Գրիշա Ավետիսյանի հետ տաքսիով տուն էր վերադառնում:
Նարեկ Մխոյանի հայրենի գյուղի՝ Լեռնահովիտի գյուղապետարանից NEWS.am-ին տեղեկացրին, որ նա Վանաձոր էր գնացել վարորդական իրավունք ստանալու ու արդեն տուն էր վերադառնում, երբ մեքենան վթարի է ենթարկվել:
Նարեկ Մխոյանը երկու ամուսնացած քույր ուներ: Հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Նա օրեր առաջ էր վերադաձել ՌԴ-ից, որտեղ գնացել էր աշխատելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 14:00-ի սահմանում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին «Օպել» մակնիսի UU 087 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետեւանքով Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Նարեկ Մխոյանը տեղում մահացել է, իսկ 1962թ. ծնված Վաղինակ Մելքոնյանը եւ մոտ 40-ամյա Գրիշա Ավետիսյանը տեղափոխվել են Տաշիր քաղաքի հիվանդանոց: Վաղինակ Մելքոնյանը բուժում է ստանում Տաշիրի հիվանդանոցում, իսկ Գրիշա Ավետիսյանի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երեւան:



























