Բելգրադում ավարտվել է ԵԱՀԿ արտագործնախարարների խորհրդի  22-րդ նիստը:

Քննարկման համար տասնյակից ավելի նախագծեր էին նախապատրաստվել: Փաստաթղթերի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել փակ ռեժիմում:  Այն ընթացել է կեսգիշերն անց (Երեւանի ժամանակով մոտ 3-ին) նախատեսված ժամը 16-ի փոխարեն: Այդ ժամին նախարարների մեծամասնությունը լքել էր նիստը եւ աշխատանքը շարունակում էին պատվիրակությունների անդամները: 

Քննարկման արդյունքում հաջողվել է մի շարք փաստաթղթեր համաձայնեցնել 

Ինչպես եզրափակիչ մամուլի ասուլիսին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը,  «երբեմն դժվար է փոխզիջման հասնել, առավել եւս` այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, որը  57 անդամ ունի»:

Այնուամենայնիվ, նա գոհունակության է հայտնել, որ,   «չնայած տարակարծությանը եւ բեւեռացմանը, մենք կարողացանք մի շարք կարեւոր որոշումներ ընդունել, այդ թվում նաեւ` ահաբեկչության, թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի, երիտասարդության եւ անվտանգության վերաբերյալ, ինչպես նաեւ համատեղ հայտարարություն մերձդնեստրյան բանակցությունների մասին`  «5+2» ձեւաչափում: