Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ներկա հանրաքվեն կեղծ օրակարգ է: Այս մասին դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հանրաքվեն ոչ մի արդյունքի դեպքում էլ որեւէ ապոկալիպտիկ փոփոխություններ չի բերի Հայաստանին ու չի փոխի երկրի քաղաքական կյանքի տրամաբանությունը: «Այսօր ես առաջին հերթին եկել եմ կատարելու իմ քաղաքացիական պարտքը ու կարծում եմ, որ քաղաքացիները պետք է քվեարկեն ու իրենց դիրքորոշումն արտահայտեն: Իմ դիրքորոշման մասին բոլորը գիտեն, այնպես որ իմ գործողություններում ու իմ տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Ես այսօր եկել եմ, որպեսզի լինեմ իմ ընտրական քվեի տերը, ոչ ավել, ոչ պակաս»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ քայլեր է նա մտադիր ձեռնարկել, եթե իրավախախտում նկատի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է . «Մենք հետեւում ենք իրադարձություններին: Մենք հետեւում ենք քաղաքական գործընթացներին: Եվ եթե դիրքորոշում արտահայտելու, որեւէ գործողություն կատարելու անհրաժեշտություն լինի, այդ ամենը կարվի հրապարակավ: Եթե մենք տեսնենք, որ Հայաստանում իշխանափոխություն անելու իրական հնարավորություն կա, մենք առաջին շարքերում կլինենք: Բայց ես եւս մեկ անգամ ասում եմ, որ մենք զերծ կմնանք այնպիսի քայլերից, որոնք նորից ժողովրդին հուսահատության կհասցնեն»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քվեարկության էր եկել կնոջ հետ: Նրանք քվեարկել են թիվ 8/32 ընտրատեղամասում:




























