«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ եւ չի մասնակցելու այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընթացող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ծառուկյանի մամուլի խոսնոկ Իվետա Տոնոյանը:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Ծառուկյանը գտնվում է Դուբայում:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողները Ծառուկյանի խնամի, վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրին ԲՀԿ նախկին առաջնորդի մասին, սակայն վարչապետը հրաժարվեց պատասխանել այդ հարցին:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։

Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: