Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քվեարկությունն այսօր` դեկտեմբերի 6–ին, ընթացող Սահմանադրկան փոփոխությունների հանրաքվեին, սկսվեց անակնկալով։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը որպես դիտորդ շրջում է մայրաքաղաքի տարբեր ընտրատեղամասերում, մուտքի մոտ «կտրեց» քվեարկության եկած պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ ճանապարհը եւ Սեյրան Օհանյանին պատմեց իր արձանագրած ընտրախախտման մասին։
«Չարենցավանի բնակիչը եկել էր այստեղ, փողոցում քվեաթերթիկի 9–րդ ձեւ ստացավ եւ մտավ քվարկեության։ Մենք այդ մարդուն ձայնագրել ենք։ Նա պնդում էր, որ այստեղ իր բարեկամի մոտ է բնակվում, բայց բարեկամի հասցեն չգիտեր։ Եվ այդպես տասնյակ մարդիկ 9–րդ ձեւ են ստանում եւ ապօրինի քվեարկում»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։
Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը դիտորդ չի, եկել է քվեարկելու որպես հասարակ քաղաքացի, իսկ եթե Զարուհի Փոստանջյանը նկատել է խախտում, պետք է դիմի իրավապահներին։
Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, որ իր նշած մարդը քիչ առաջ մոտեցել ու խոսում էր Սեյրան Օհանյանի հետ, նախարարը պատասխանեց, որ այդ մարդուն չի ճանաչում, նա մոտեցել էր, ասում էր, որ ուզում է «ողջունել մեր պաշտպանության նախարարին, մեր հերոսին»։





























