Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 6-ին, ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, որը մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնել են, որ նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում` ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական եւ հետեւողական:
Սերժ Սարգսյանի համոզմամբ, ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է նաեւ դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլը գոհունակությամբ է խոսել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական եւ կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարեւորվել եւ հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,-ասել է Ալան Միլը:



























