Ֆրանսիայում կիրակի առավոտյան սկսվել է տեղական ընտրությունների առաջին փուլը: Առաջին ընտրողներից մեկը եղել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը ընտրության է ներկայացել ընտրատեղամասի բացվելուց գրեթե անմիջապես հետո:
Ըստ ձեւավորված ավանդույթի, պետության ղեկավարը քվեարկել է երկրի հարավում՝ Կորեզ դեպարտամենտի Տյուլ քաղաքում:
Այդ փոքրիկ քաղաքը համարվում է Օլանդի «քաղաքական օրրանը», երկար տարիներ նա այստեղ վարչական տարբեր պաշտոններ է զբեղեցրել: Մասնավորապես 1988 -1993 թթ. ու 1997-2003 թթ. եղել է Կորեզից առաջադրված՝ Ազգային ժողովի պատգամավոր, 2001-2008 թթ. եղել է Տյուլի քաղաքապետ, իսկ 2008-ից մինչեւ նախագահ ընտրվելը՝ 2012 թ. զբաղեցրել է Կորեզի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահի պաշտոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս՝ նախագահը զերծ է մնացել մամուլի համար մեկնաբանություններից: Հակառակ սովորության՝ Օլանդը չի մնացել Տյուլում՝ տեղի բնակիչների հետ հաղորդակցվելու համար ու քվեարկությունից անմիջապես հետո շտապել է Փարիզ վերադառնալ, որտեղ այսօր կարեւոր խորհրդակցություն է ծրագրված՝ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ:




























