Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկող ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական խմբի անդամ, ԱՊՀ երկրների Միջխորհրդարանակա պետությունների վեհաժողովի տնօրեն Անդրեյ Բարանովը մինչեւ կեսօր ոչ մի խախտում չի արձանագրել Երեւանի ընտրատեղամասերում, որտեղ այցելել է:
«Ամեն ինչ օրենքի սահմանում է կատարվում: Բոլոր ընտրատեղամասերում, որտեղ եղել ենք, ոչ մի խախտում չենք արձանագրել: Արձանագրում ենք, որ մարդիկ եւ նույնականացման քարտով, եւ անձնագրով քվեարկում են, ինչպես օրենքն է պահանջում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեյ Բարանովը:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:



























