Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն, ինչը նկատել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:




























