«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երեւույթը մեկնաբանելով ընտրակեղծիքի նախապես մտածված հնարք:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ եւս պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր: Համապատասխան անձնագրային ծառայությունը իրավասու չէ դիմում ներկայացնելու պարագայում քննարկելու հետագա փաստական հիմքերի առկայության հնարավորությունը եւ ենթադրությունների արդյունքում մերժել դիմումատուին՝ հիմքում դնելով այն կանխավարկածը, որ անձը տվյալ օրը չի գտնվելու նշված համայնքում: Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ:
Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաեւ ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին եւ տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները եւ համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ եւ մեկ ցուցակում:
ՀՀ ոստիկանությունը պատասխանատու է օրենքով սահմանված կարգով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները վարելու, հրապարակելու համար:
Պատրաստ ենք աջակցելու ցանկացած տեղեկատվության տրամադրման հարցում:
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետեւող զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների, վստահված անձանց, դիտորդների ահազանգերի մշտադիտարկում, գործում է արագ արձագանքման եւ հետադարձ կապի համակարգը: Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 38 ահազանգ, որոնցից 3-ը ստացվել է ոստիկանության «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 33-ը կայքէջերից:
Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին եւ այլն: Բոլոր ահազանգներն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ եւ Անձնագրյին ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար:
Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ: Միեւնույն ժամանակ, կրկին կոչ ենք անում հիմնվել միայն փաստական տվյալների եւ հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից եւ ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից:




























