Սիրիացի գործարար Ջորջ Հեսուանին, ով նաեւ ՌԴ քաղաքացիություն ունի, հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման արդյունահանած նավթը ապօրինի ճանապարհով Սիրիային մատակարելու վերաբերյալ: Ձեռներեցի հետ հարցազրույցը դեկտեմբերի 6-ին հրապարակել է ՏԱՍՍ-ը:

«Ես հավաստիացնում եմ, որ Սիրիայի կառավարությունը ԻՊ-ի արդյունահանած նավթից ոչ մի բարել չի ստացել՝ ոչ ինձանից, ոչ էլ մեկ ուրիշից »,- հայտնել է Հեսուանին:

Նա պատմել է, որ նավթամուղի վնասվելու պատճառով ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներից նավթի մատակարարումները միայն ավտոցիստերներով են հնարավոր: Սակայն այդ իրավիճակում բոլոր ապօրինի մատակարարումները վաղուց արձանագրված կլինեին: Այդուհանդերձ ոչ մի լուսանկար ոչ ոք չի ներկայացրել:

Հեսուանին հայտնել է, որ իր դեմ բոլոր մեղադրանքները կառուցված են մեկ հոդվածի վրա, որը մեկ տարի առաջ էր հայտնվել սիրիական ընդդիմության ինտերնետային ռեսուրսում: Այն առիթ էր հանդիսացել, որ իրեն ներառեին Եվրամիության, իսկ հետո նաեւ ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում: «Ես արդեն դատական գործ եմ սկսել Եվրամիության դեմ, այն հիմա ընթացքի մեջ է »,- ասել է ձեռներեցը:

 Նրա խոսքով միակ բանը,ինչի համար իրեն մեղադրում են՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ընկերական հարաբերություններն են: Գործարարը պատմել է, որ Սիրիայի առաջնորդի հետ ծանոթացել է, երբ հանդիպում էր հասարակական կազմակերպությունների ներկաայցուցիչների՝ ակտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց հետ, որպեսզի լսի նրանց տեսակետը ու շտկի երկրում իրավիճակը: «Ես որպես գործարար, որը այստեղ է աշխատում, եղել եմ այն այն մարդկանց շարքերում, որոնք հանդիպել են Ասադի հետ ու նրա հետ երկխոսություն վարել»,- վստահեցրել է Հեսուանին:

Նա նաեւ հայտնել է, որ ՌԴ քաղաքացիությունը ավելի քան 20 տարի առաջ է ստացել: Նա 1968 թ սկսած ԽՍՀՄ-ում է ապրել, ավարտել Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը, Մոսկվայում է գտնվում նրա Hesco ընկերության գրասենյակը: Նրա շահերի ոլորտում է նավթային ու գազային օբյեկտների շինարարությունը: Հեսուանին շեշտել է, որ իր ընկերությունը երբեք առեւտրով չի զբաղվել: