Թուրքիան նախկինի պես «անաչառ, թափանցիկ եւ կանոնավոր» կիրառելու է Մոնտրյոյի  կոնվենցիան, որը կարգավորում է սեւծովյան նեղուցներով նավագնացությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի  հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան, ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու շարունակելու է անաչառ, թափանցիկ եւ կանոնավոր կիրառել Մոնտրյոյի  կոնվենցիան։ Մենք կարեւոր ենք համարում, որ բոլոր շահագրգիռ կողմերը զերծ մնան Մոնտրյոյի գործող ռեժիմն իրենց շահերի համար օգտագործելուց կամ կոնվենցիայի հիմքերը սասանելուց»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա մեկնաբանել է մամուլում  հայտնված հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել նեղուցների նկատմամբ եւ պլանավորում է ստուգել  այդ նեղուցներով անցնող նավերը։

Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան ստորագրվել է 1936թ. Շվեյցարիայում եւ կարգավորում է Բոսֆորի, Դարդանելի նեղուցներով եւ Մարմարի ծովով նավագնացությունը։ Այն խաղաղ պայմաններում արգելում է ոչ սեւծովյան պետությունների կամ ոչ ափամերձ երկրների ռազմանավերի նավարկությունը նեղուցներով։

Կոնվենցիայի հսկումն իրականացում է Թուրքիան։ Եթե վերջինս պատերազմական իրավիճակում կամ պատերազմի սպառնալիքի տակ հայտնվի, ապա կարող է թույլատրել կամ արգելել նեղուցներով ցանկացած երկրի ռազմանավերի նավագնացությունը։