Ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Հայ ազգային կոնգրեսի» Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, «Մարտի 1»-ի գործով ազատազրկման դատապարտված Տիգրան Բաղդասարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հերքելով տեղեկությունները, թե Բաղդասարյանը բերման է ենթարկվել:
«Հանձնաժողովի նախագահը դիմել է ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին, որ ներսում վիճաբանում են: Ոստիկաններն էլ բաժին են հրավիրել Բաղդասարյանին՝ հանգամանքները պարզելու համար: Քննություն է ընթանում», ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:



























