«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընթացող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ժամը 18:00-ի դրությամբ որեւէ լուրջ խախտում չի արձանագրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
«Հանրաքվեն անցնում է բավականին լավ մթնոլորտում: Եթե կլինեն փաստարկված խախտումներ մեր կողմից արձանագրված, ապա մենք կպահանջենք, որ բոլոր մեղավորները պատժվեն»,- ասաց Վահան Բաբայանը:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:




























