Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվե է ընթանում։ Երկրի քաղաքացիները պետք է որոշեն, թե ով է ղեկավարելու իրենց՝ նախագահը, թե վարչապետը, գրում է Gazeta Wyborcza լեհական թերթը։ Հոդվածում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական փոփոխությունների հեղինակը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանը, որը 2008թ.-ից ղեկավարում է Հայաստանը։

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը պետք է նախագահական կառավարման ձեւից անցնի խորհրդարանականի։ Քաղաքականության մեջ դոմինանտ նախագահը կզրկվի իր իշխանությունից եւ իշխանությունը փաստացիորեն կանցնի վարչապետին, որին նշանակելու է իշխող կուսակցությունը կամ խորհրդարանում մեծամասնություն ներկայացնող կոալիցիան։

Մեծ իշխանություն կունենա նաեւ խորհրդարանի նախագահը։ Նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության ներկայացուցիչ եւ կատարելու է միան արարողակարգային գործառույթներ։

Ընդդիմությունը դեմ է փոփոխություններին եւ կարծում է, որ հանրապետականների նպատակը միակուսակցական համակարգի ամրապնդումն է եւ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, որը կարող է շարունակել ղեկավարել երկիրը որպես վարչապետ»։