Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 18:30-ի սահմաններում քվեարկել է 825 կալանավորված անձ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 958 կալանավորված անձ, որոնցից 825-ը ժամը 18:30-ի դրությամբ քվեարկել է: Քվեարկածներից 590-ը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից են»,- ասաց Ղլեչյանը:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: