Ամերիկացիների մեծամասնությունը` 53 տոկոս, կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից «Իսլամական պետության» դեմ   պայքարելու համար Սիրիա եւ Իրաք ցամաքային ուժեր ուղարկելուն  (այդ ահաբեկչական խմբավորումն արգելված է Ռուսաստանում): Այդպիսին են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել են   ORC International ընկերությունը եւ CNN հեռուստաալիքը:

Պատասխանողների 64 տոկոսը դժգոհ է նրանից, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչպես է արշավ իրականացնում ԻՊ-ի դեմ: Ընդ որում հարցվածների 60 տոկոսը Սիրիայում Միացյալ Նահանգների գործողություններն անհաջող է համարել: Ամերիկացիների   68 տոկոսը կարծում է, որ ԻՊ-ի գրոհայինների դեմ Վաշինգթոնի արշավը  «բավականաչափ ագրեսիվ չէ», տեղեկացնում է Lenta-ն:

Բացի այդ, Ամերիկայի քաղաքացիների 61 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ը չպետք է Սիրիայից փախստականներ ընդունի: Բռնի տեղահանվածներին ապաստան տրամադրելու օգտին է արտահայտվել հարցվածների   38 տոկոսը:

Հարցմանը, որը հեռախոսով անցկացվել է նոյեմբերի  27-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, 18 տարեկանից մեծ 1020 ամերիկացի է մասնակցել: