Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի անտեսել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասնակիցների՝ ԿԸՀ նախագահին տեսնելու պահանջը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Չանտեսվեց նրանց պահանջը, մեր կողմից համապատասխան արձագանք եղավ եւ պարզաբանվեց, որ իրականացնում ենք իրավական ընթացակարգեր, եթե կա դիմում, որ նրանք ցանկանում են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թող ներկայացնեն»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դիմումը կքննարկվեր ներկայացվելու դեպքում:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցներին թույլ չէին տվել մոտենալ ԿԸՀ շենքին: Հանրաքվեի քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջով երթի մասնակիցները պահանջում էին նաեւ հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, սակայն նա չհանդիպեց նրանց:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներով «Այո» է քվեարկել 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը):




























