Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ժողովուրդը բարոյական իմաստով պարտավոր է ապստամբել: Այս մասին այօսր՝ դեկտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած «Ընդդիմության միասնական շտաբի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

«Երկու ճանապարհ կա ապստամբելու՝ ապստամբել խաղաղ քաղաքացիական ապստամբության եղանակով, որի ջատագովը մենք ենք, ու ժողովուրդը կարող է զենքի դիմել, ինչը մենք չենք ուզում: Սա պետական հեղաշրջում է: Մեր ժողովուրդը պիտի դիմի համապատասխան գործողությունների»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պահանջում է չեղյալ համարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը):