Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը դեկտեմբերի 5-ին Հանոյում մասնակցել է «ԱՍԵԱՆ-ի համայնքը եւ միջազգային ընկերները» անվանումը կրող սննդի երրորդ միջազգային փառատոնի բացման արարողությանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Վիետնամի առաջին տիկին Մայ Թի Հանը, Վիետնամի ԱԳ նախարարի կինը՝ Նգույեն Նգույետ Նգան, Հանոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վիետնամի առաջին տիկին Մայ Թի Հանի հետ առանձնազրույցում դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ ընդգծեց, որ սննդի միջազգային փառատոնը բոլոր մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Վիետնամի եւ գործընկեր երկրների սննդի արտադրությանը: Դեսպան Վարդանյանը հույս հայտնեց, որ նման փառատոնների անցկացումը իր դրական ազդեցությունը կունենա ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների եւ գործընկեր երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման համար: