Վարչական ռեսուրսի եւ թաղային հեղինակությունների անմիջական ներգրավման արդյունքում` Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դարձան ընտրակեղծիքների կազմակերպիչներ եւ մասնակիցներ: Այս մասին հայտարարություն  է տարածել «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ավարտվեց դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն: Ինչպես վաղօրոք հայտարարել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքի վրա իր լրջագույն ազդեցությունը թողեց նույնականացման` ID քարտերի առկայությունը, որոնց զանգվածային կիրառումը հանրաքվեի ընթացքում բազմակի քվեարկության զանգվածային դեպքերի եւ դրսեւորումների առիթ դարձավ: ՕԵԿ-ը խորը մտահոգություն է հայտնում նաեւ հանձնաժողովների անդամների շարունակական կաշառման փորձերի եւ դրսեւորումների, ընտրակաշառքի լայնամասշտաբ բաժանման եւ ուռճացված լրացուցիչ ցուցակների առնչությամբ: Կուսակցությունը պահանջում է իրավապահ մարմիններից գործուն ջանքերի ցուցաբերում իրավապահ մարմիններում, ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում հեղեղված ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննության եւ մեղավորներին արժանի պատժի ենթարկելու հարցերում:

ՕԵԿ-ը մտահոգությամբ փաստում է, որ վարչական ռեսուրսի եւ թաղային հեղինակությունների անմիջական ներգրավման արդյունքում` Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դարձան ընտրակեղծիքների կազմակերպիչներ եւ մասնակիցներ:

Ցավով արձանագրում ենք, որ ժողովրդի ծանր սոցիալական վիճակը հերթական անգամ օգտագործվեց ընտրակաշառքի զանգվածային բաժանման նպատակով: Բդեշխական կարգերի դասական դրսեւորում էր գյուղական համայնքներում քվեարկության կազմակերպումը, քանի որ պաշտոնական տվյալների վերլուծությունը մեզ բերում է այն աներկբա եզրակացության, որ ԱՅՈ-ի բարձր եւ անտրամաբանական քվեները, նաեւ հրապարակված տվյալների համաձայն, կատարված լցոնումներով եղել են բազմաթիվ գյուղական համայնքներում:

Արձանագրելով, որ հանրաքվեն անցել է բազմաթիվ ընտրախախտումներով` միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կամովին մասնակիցը դարձան ընտրակաշառքով քվեարկության, ինչպես նաեւ փաստելով, որ ԿԸՀ-ն, չնայած հրապարակված բազմաթիվ տվյալների, երբ գիշերվա ժամը 12-ի դրությամբ հայտնի էին առնվազն 700-800 տեղամասերի արդյունքները, հրապարակեց ընդամենը 75 տեղամասերի արդյունքներ, որոնք 80 տոկոսով ԱՅՈ էին, իսկ հանրագումարում արդեն 825000 կամ 63,35 տոկոս ԱՅՈ քվե, ՕԵԿ-ը խիստ հասկանալի պատճառներով Սահմանադրական դատարանում չի նախաձեռնի հանրաքվեի արդյունքների վիճարկման գործընթաց, քանի որ նախ խորհրդարանում չկան նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար եւ երկրորդ` ԱՅՈ եւ ՈՉ քվեների տարբերությունը, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, շուրջ 2 անգամ մեծ է հոգուտ ԱՅՈ-ի եւ նման գործընթացը չի կարող փոխել հանրաքվեի վերջնական արդյունքները:

ՕԵԿ-ը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ, վճռական կողմնակիցը լինելով համակարգային իշխանափոխությանը, դրա իրականացման մեխանիզմը համարում է 2017թ. համապետական ընտրությունները եւ կոչ է անում լայն հասարակական-քաղաքական համախմբման` վերահաստատելով եւս մեկ անգամ, որ Սահմանադրական հանրաքվեն եւ դրա դեմ տարվող հանրահավաքային պայքարը չի դիտարկվում որպես իշխանափոխության հնարավորություն, ուստիեւ կշարունակի իր պայքարն արդեն իսկ որդեգրված մարտավարության, այն է` «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման շրջանակներում` եւս մեկ անգամ կոչ անելով լայնամասշտաբ համախմբման հանուն Հայաստանի վերածննդի:

ՕԵԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ շահառուն չէ Սահմանադրական այս փոփոխությունների եւ, քաղաքական անհրաժեշտություն հռչակելով Հայաստանում նոր որակի իշխանության ձեւավորումը, հայտարարում է, որ մոբիլիզացնելու է իր բոլոր ջանքերը առաջիկա համապետական ընտրություններում հենց այդ որակի իշխանություն ձեւավորելու համար:

«Օրինաց երկիր» կուսակցությունը նաեւ շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության մոտ կես միլիոն քաղաքացիներին, հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց, ովքեր մնացին աներեր ու սկզբունքային` անկախ իրենց դեմ գործադրված բազմաթիվ արգելքներից ու դժվարություններից:

Մենք համոզված ենք, որ նաեւ հենց այս մարդիկ են կանգնած լինելու համատեղ պայքարով Հայաստանն այս ծանրագույն վիճակից հանելու պատասխանատու եւ պատվաբեր գործի իրականացման համար»: