ՀԱԿ-ը մի քանի հարյուր բողոք է ներկայացրել դատախազություն, մի քանի տասնյակ բողոք` ոստիկանություն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին գրանցված խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ասաց ՀԱԿ փոփխնախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ իրենք ներկայացուցիչ են ունեցել եւ վստահ են, որ «ոչ»-ը հաղթել է, հանձնաժողովի անդամները վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել։

Նրա խոսքով` իշխանությունները ընտրությունները կեղծել են` օգտագործելով հին եւ նոր մեթոդներ:

«Մի քանի տարի Հայաստանի ընտրություններում լցոնում չէր եղել: Ամեն տեղամասում 80-100 մարդ են դրսից բերել կրկնակի քվեարկության»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր «ոչ» են քվեարկել` վստահեցնելով, որ իրականում ժողովուրդը հաղթել է, «ոչ»-ը հաղթել է:

«Մեր հաշվարկով 600 000 մարդ քվեարկել է «ոչ», 150 000-ը` «այո», ընդ որում` «ոչ»-ը հաղթել է նույնիսկ «օլիգարխների բդեշխություններում», որտեղ փող են բաժանել։ 1.1 միլիոնից ավելի մարդ քվեարկությանը չի մասնակցել»,-նշեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահի ներկայացրած տվյալներով` բոլոր այն տեղամասերում, որտեղ «ոչ»-ը հաղթել է «ոչ» քվեարկողների թիվը մինչեւ չորս անգամ գերազանցել է «այո»-ների թվին:

Նա «ոչ» քվեարկելու համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց երեւանցիներին, եւ հատկապես գյումրեցիներին` «տղամարդու» նման միաձայն«ոչ» քվեարկելու համար` ընդգծելով, որ Գյումրիում գրանցվել է մասնակցության ամենացածր տոկոսը եւ «ոչ»-ի ամենաբարձր տոկոսը:

Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց նաեւ վանաձորցիներին, որտեղ եւս հաղթել է «ոչ»-ը

Արամ Մանուկյանը ելույթը եզրափակեց` հայտարարելով, որ իշխանությունները չեն մարսելու գողացած իշխանությունը:

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթեթրիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն`  63,35 տոկոսը  (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող):