Դեկտեմբերի 6-ին մեր ժողովուրդը մերժեց վարչախմբին եւ նրա հակաժողովրդական քաղաքականությունը։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

Նրա խոսքով, դեկտեմբերի 6-ի կեղծված հանրաքվեն լրացրեց կեղծված ընտրությունների ցանկը։ «Հօդս ցնդեցին իշխանությունների հավաստիացումները՝ ազատ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ, կեղծիքները կրում էին համակարգային բնույթ»,- նշել է Դեմիրճյանն ու հավելել է. «Դեկտեմբերի 6-ին մեր ժողովուրդը մերժեց վարչախմբին եւ նրա հակաժողովրդական քաղաքականությունը։ Հանրաքվեն ցույց տվեց, որ այս իշխանությունն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են»։

ՀԺԿ նախագահը կարծում է, թե մենք պետք է արժանին մատուցենք այն մարդկանց, որոնք դիմակայել են ճնշումներին եւ պայքարել կեղծումների դեմ, շատ դեպքերով անձնազոհաբար։

«Կեղծված ընտրություններով մեր երկիրն ապագա չունի։ Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը՝ հանուն երկրում օրինական իշխանության ձեւավորման»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը։

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն`  63,35 տոկոսը  (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող):