Մոսկվայի հենց կենտրոնում՝ Տվերսկայայի ու Մալիյ Դմիտրովկայի մեջտեղում կառուցվող համալիրի 60 տոկոսը կդառնա Սամվել Կարապետյանի սեփականությունը: Մնացած՝ 40 տոկոսը կվերցնի Նախագահի գործերը կառավարող վարչությունը (ՆԳԿՎ ): 120 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրում կբացվեն գրասենյակներ, բնակարաններ ու խանութներ:
Մինչեւ 2011 թ. «Իզվեստիյա» թերթի խմբագրության զբաղեցրած շենքերի ռեկոնստրուկցիայի ներդրումային պայմանագրի պայմանների մասին «ՌԲԿ»-ին պատմել է «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, նախագահի գործերը կառավարող վարչության հետ պայմանագիրը ( ՆԳԿՎ-ն «Իզվեստիյա» հրատարակության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է ) նախատեսում է, որ վարչությունը կստանա համալիրի մակերեսի 40 տոկոսը, իսկ Տաշիրը՝ 60 տոկոսը: ՆԳԿՎ-ում «ՌԲԿ»–ի հարցադիմումին չեն պատասխանել:
2011 թ. գարնանը «Իզվեստիյա» թերթի խմբագրությունը՝ անցած դարի 20 -ականների կեսերից իր զբաղեցրած շենքից տեղափոխվել էր Մոսկվայի հյուսիսում գտնվող «Դուքս» բիզնես կենտրոն: Հրատարակությանը պատկանող շենքի ռեկոնստրուկցիան սկսվել է 2012 թ հոկտեմբերից:
Կարապետյանը հայտնել է, որ ռեկոնստրուկցիայի առաջին փուլը, որը կավարտվի մոտավորապես մեկ ամսից՝ 2016 թ . սկզբին, ենթադրում է ավելի քան 20 հազար քառ. մ տարածք հանձնել շահագործման: « Շահագործման հանձնելուց հետո մենք կանցնենք երկրորդ փուլին,- շարունակել է գործարարը,- Խոսքը մոտավորապես 90 հազար քառ մետր տարածքի մասին է, որը բազմագործառույթ համալիր է դառնալու, որտեղ կլինեն բնակարաններ, գրասենյակներ, հյուրասենյալ ու առեւտրի կետեր»:
Տաշիրի կոմունիկացիաների ու մարկետինգի բաժնի ղեկավար Զառա Աճեմյանը պարզաբանել է, որ առաջին փուլը Մալի Դմիտրովկայի 1 եւ 3, Նաստասյինյան նրբանցք 2 ու Պուշկինի հրապարակ 5 հասցեներով չորս շենքերի ռեկոնստրուկցիան է: Ըստ կադաստրի քարտեզի՝ այս չորս շենքերի ընդհանուր մակերեսը կազմումէ մոտավորապես 26 հազար քառ. մ: Ամբողջ նախագիծը պետք է ավարտվի 2018 թ ., ասել է Աճեմյանը: Հենց 120 հազար քառ. մ. մակերեսից են հաշվարկվելու «Տաշիրի» ու ՆԳԿՎ մասնաբաժինները, հավելել է նա:
Նախագծում ներդրումների քանակը կարող է գերազանցել 15-17 մլրդ ռուբլին, ասել է CBRE-ի մարտավարական խորհրդատվությունների բաժնի տնօրեն Պոլինա Ժիլկինան: « Այս հազվագյուտ, նշանակալի վայրը հրաշալի համապատասխանում է բազմաֆունկցիոնալ համալիրին՝ Ա կարգի գրասենյակներով, 5 աստղանի հյուրանոցով, առեւտրի հարթակներով ու գուցե նաեւ բնակարաններով », - համարում է նա:
«Տաշիր»-ում չեն մեկնաբանել այն հարցը, որը վերաբերում է Իզվեստիյա համալիրի եւս մեկ բաղկացուցիչի՝ Տվերսկայա փողոցի վրա գտնվող 18/1 շենքին՝ դրա մի մասը գտնվում է «Իզվեստիյա» ԲԲԸ բալանսում, որի շահառուների անունները հայտնի չեն: Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ ազգային մեդիա խումբը վաճառել է «Իզվեստիյա» ԲԲԸ 73 տոկոսը, բայց գնորդի անունը չհայտնեցին: «Կոմերսանտ» թերթը հավաստիացնում է, որ «Իզվեստիյա» ԲԲԸ բլոկփաթեթի սեփականատերը Phorbas Holding -ն է, որին շուկայում կապակցում են ԼՈՒԿՕՅԼ-ի թոփ մենեջմենթի հետ:
«Իզվեստիյա»-ին պատկանող շենքերի ռեկոնստրուկցիայի առաջին ներդրումային պայմանագիրը կնքվել էր դեռ 2006 թ.: «Կոմերսանտի» տվյալներով, «Իզվեստիյա» հրատարակության հետ պայմանագիրն այն ժամանակ կնքել էր «Լեգասի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն: Նախագահի գործերի կառավարման վարչության այն ժամանակվա մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը հայտնել էր, որ «Լեգասի Դիվելոփմենթը» գործում է ի շահ պետության ու ընկերության խնդիրն է ներդրող գտնել շինարարության համար:
2006-ին ենթադրվում էր, որ «Լեգասի Դիվելոփմենթը» բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցի՝ 168 հազար քառ մ. մակերեսով, որոնցից պետությունը կստանար առնվազն 50 հազար քառ. մ: Պայմանագրի գումարը կազմել էր 15.84 մլրդ ռուբլի:
ՍՊԱՐԿ-ի տվյալներով՝ «Լեգասի Դիվելոփմենթ»-ի 50 տոկոսը պատկանում է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Չեռնովին, իսկ մյուս 50 տոկոսը՝ «Դիալոգ Ակտիվ» ԲԲԸ –ին, որի սեփականտերերն են Բրիտանական Վիրջինիա կղզիներում գրանցված «Փոլդեր Ինվեսթ էնդ Ֆայնենս», «Ռեզորթ լեժեր Ինվեստմենթս» ու «Մաքսմել Քորփորեյշն» օֆշորները, որոնց տերերին գտնել չի հաջողվել: ՍՊԱՐԿ-ի բազայում նշված չեն « Լեգասի Դիվելոփմենթի» ու «Դիալոգ Ակտիվի» հեռախոսահամարները:
Այն մասին, որ ռեկոնստրուկցիայի նոր գլխավոր կապալառուն, ամենայն հավանականությամբ «Տաշիրն» է դառնալու, հայտնի էր դարձել դեռ 2012 թ. վերջին: Ընկերության ներկայացուցիչները դա չէին հաստատել: «Կոմերսանտն» էլ, վկայակոչելով «Իզվեստիա հրատարակության» նախկին գլխավոր տնօրեն Էրաստ Գալումովին, գրել էր, որ գլխավոր կապալառուի հետ պայմանագիրը կնքվել է մոտավորապես դրանից մեկ տարի առաջ:
Կարապետյանը վստահեցնում է, որ «Տաշիրը» պայմաանգիրը կնքել է հենց Նախագահի գործերի կառավարման վարչության հետ, բայց նախագծում կա նաեւ գործընկեր, բայց թե ով է նա՝ գործարարը չի հայտնել:



























