Իրաքի նախարարների խորհուրդը երկրի վարչապետ Հեյդար Աբադիին թույլատրել է ձեռնարկել ցանկացած քայլ եւ միջոցառում, որը նա նպատակահարմար կհամարի Իրաքում տեղակայված թուրքական ուժերը դուրս բերելու, Իրաքի ազգային ինքնիշխանության ոտնահարումը պատժելու կապակցությամբ՝ ամբողջովին աջակցելով ազգային անվտանգության խորհրդի որոշումները եւ հետեւելով դրանց կատարմանը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Հեյդար Աբադիի Twitter-ի էջը։ 

Կառավարությունը հաստատել է, որ երկրի ազգային ինքնիշխանությունն ու աշխարհագրական սահմանները կարմիր գիծ են, որը խախտել չի թույլատրվում։

Հիշեցնենք, որ Բաղդադի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիան Իրաքի հյուսիսում ծանր զինամթերքով զինված ռազմական ճամբար էր տեղակայել՝ հայտարարելով, թե իր զինվորականները մարզում են ահաբեկիչների դեմ պայքարող մարտիկներին։

Իրաքը իր  հերթին դա որակել է որպես իր ինքնիշխանության ոտնահարում եւ 48 ժամ է տվել Թուրքիային՝ ուժերը դուրս բերելու համար, հակառակ դեպքում սպառնում է դիմել այլ միջոցների՝ ընդհուպ մինչեւ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։