Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը:
Ողոջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում եւ ընդգծել, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ծավալած գործունեությունը իրավամբ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար՝ ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտչյան էլ նշել է, որ հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու եւ հայրենիքի շուրջ համախմբվելու ծրագրերը, համահայկական միջոցառումների, սկաուտական բանակումների եւ տարատեսակ մարզախաղերի կազմակերպումը մշտապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում են:
20-րդ դարի սկզբին հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության նպատակն է պատրաստել ֆիզիկապես տոկուն, իմացական եւ հոգեւոր բարձր արժեքների տեր հայեր եւ քաղաքացիներ, նրանց մոտ զարգացնել պարտականության ու փոխադարձ օգնության գիտակցություն, համերաշխության, պատասխանատվության եւ պատվի զգացում: Հայաստանում եւ աշխարհի շուրջ 24 երկրներում գործող 108 մասնաճյուղերում ունի 26. 000 անդամ` սկաուտներ եւ մարզիկներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության քառամյա գործունեության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:































