Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ազդել թուրքական զորքերի տեղակայման հետ կապված իրավիճակի վրա:
«Իրաքը դիվանագիտական ուղիներով պահանջել է, որպեսզի Թուրքիան դուրս բերի զորքերը, եւ դրա համար երկօրյա ժամկետ է սահմանել: Այս իրավիճակը իրաքյան ինքնիշխանության խախտում է, եւ ՆԱՏՕ-ն պետք է օգտագործի իր իրավասությունները, որպեսզի Թուրքիան անհապաղ զորքերը դուրս բերի իրաքյան տարածքից»,- ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ստոլտենբերգը խոստացել է Իրաքի մտահոգությունները փոխանցել Թուրքիայի ներկայացուցիչներին եւ ընդգծել ճգնաժամի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Իրաքյան իշխանությունների տվյալներով, դեկտեմբերի 4-ին թուրքական զինվորականներն ու տեխնիկան մտել են իրաքյան Նայնավա նահանգ՝ ահաբեկիչների դեմ պայքարող քրդական ժողովրդական ջոկատներին նախապատրաստելու պատրվակով:
Դեկտեմբերի 6-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները թուրքական կողմին 48 ժամ են տվել զորքերը դուրս բերելու համար:




























