Միացյալ Նահանգները չի սատարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին կոչը: Դեկտեմբերի 8-ին կայացած ավանդական ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էռնեստը հաստատել է սա:

«Նախագահ Էրդողանն այս գաղափարը պնդում է վերջին մի քանի օրերին: Մենք մեր հերթին նախկինի պես սա լավագույն ռազմավարությունը չենք համարում առաջ շարժվելու համար»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Էռնեստը հիշեցրել է, որ Էրդողանի առաջարկած գոտու ստեղծման համար «զգալի ռեսուրսներ են անհրաժեշտ»: «Իսկ ցամաքային զորքերի տրամադրումն ուղղակիորեն հակասում է այն ռազմավարությանը, որի մասին նշել է մեր նախագահը»,- հավելել է նա:

Ավելի վաղ Էրդողանը կրկին կոչ էր արել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել: