Վերջին օրերեին Սահմանադրության հանրաքվեի նախօրեին ու հիմա լարվածությունը Հայաստանի ու Արցախի սահմանին հասել է իր գագաթանակետին, նաեւ ականանետերից են կրակում, օրվա ընթացքում մեծ քանակությամբ: Արցախի ՊԲ դիրքերի հարավ-արեւելյան հատվածում նաեւ տանկերից են կրակել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Սա տրամաբանական շարունակությունն է Ադրբեջանի վարած քաղաքականության, որը տանում է ապակայունացման: Այսպես եղել է նաեւ անցած տարիներին, եւ չեմ բացառում, որ տարածաշրջանում ու Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանը կարող է ուրիշ ծրագրեր ունենալ: Մեր ենթակա հրամանատարները շատ լուրջ պաշտպանողական ու կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում: Փառք ու պատիվ մեր զինվորներին ու հրամանատարներին, որոնց հերոսության շնորհիվ կարողանում ենք այս իրավիճակը պահպանել»,-հավելել է նա:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշեց, որ շատ լավ է, որ իրավիճակի սրման հետ կապված նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրշիկի հետ, սակայն ինչո՞ւ նմանատիպ հեռախոսազրույց տեղի չի ունենում ՀԱՊԿ գործընկերների հետ. «Ինչու չենք զանգահարում եւ պատասխան չեք պահանջում ՀԱՊԿ-ից»,- հարց ուղղեց Թուան Պողոսյանը, ինչին պաշտպանության նախարարն արձագանքեց. «Մեր հարեւանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեզ հետ, երկխոսության համար հրադադար է պետք: Միջազգային հետաքննություն պետք է ձեւավորվի, որը հնարավորություն կտա համանախագահներին գնահատականներ տալ: Եվրոպական խաղերի ընթացքում, ինչպես նաեւ նոյեմբերի 1-ի Միլի Մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպվածություն ենք ցուցաբերել, արգելեցինք կրակել, իսկ իրենք իրենց դեմքը ցույց են տալիս՝ հանրաքվեի օրը բարձրացնելով լարվածության աստիճանը»: