Օտարերկրյա պետություններում Հայաստանի ուսանելու մեկնածների մոտ 80 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են, որոնք իմ վերլուծություններով՝ չեն ծառայել, ինչպես և վերադարձածների զգալի մասը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
«Դրան գումարենք, որ ասպիրանտուրայում սովորողների 90 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են և նրանցից միայն 4 տոկոսն է, որ զբաղվում է գիտությամբ: Նրանց 90 տոկոսը չեն ծառայել բանակում: Պատերազմի մեջ գտնվող պետության համար սա շռայլություն է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ուսման նպատակով տարկետումները բանակից խուսափելու համար են միայն:
Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ սովորելու համար տարկետման գործընթացը նախկինում շատ ավելի ազատական էր, քան հիմա: «Երկու տարի առաջ առաջարկեցինք սահմանափակել տարկետման իրավունքը միայն այն բուհերի համար, որոնք մտնում են աշխարհի լավագույն 500 բուհերի մեջ:
Դուք առաջարկեցիք տարկետումները վերացնել ընդհանրապես:
Հաշվի առնելով, որ խնդիրն ունի նաեւ հասարակական քաղաքական հնչեղություն, առաջարկել ենք, որ այս հարցում լինի կոնսենսուս, բոլոր ուժերը մասնակցեն օրենսդրության քննարկմանը»:
Նրա խոսքով, եթե նախկինում դրսում սովորող ուսանողին թաղում մատով էին ցույց տալու, վաղուց արդեն արտերկրում սովորելը դադարել է արտասովոր ինչ-որ երևույթ լինելուց, իսկ պետությունն առաջնորդվում է օրենքով ու եթե ինչ-որ բան շտկելու կարիք կա, ապա դա պետք է արվի ԱԺ-ի, քաղաքական ուժերի ջանքերով նաեւ:




























