2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում ընտրատեղամասում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի հատվածը: ՔՀԻ դիտորդները տեղամասերում հերթափոխով դիտորդություն են իրականացրել առավոտյան 07:30-ից մինչեւ հաշվարկի ավարտը: Գործել է անվճար իրավական խորհրդատվության 080 080 804 թեժ գիծը:

Դիտորդներից խախտումների մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո դրանք հրապարակվել են ՔՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ Մարդու իրավունքները Հայաստանում կայքում։ Դիտարկման արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն առաջիկայում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գրանցել է բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ դիտորդների եւ լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքեր, նրանց նկատմամբ ճնշումներ եւ սպառնալիքներ: Դիտորդներն արձանագրել են ուղղորդման մի շարք դեպքեր, ինչպես նաեւ՝ կրկնակի քվեարկության փորձեր եւ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: Հավելենք, որ տեղամասային հանձնաժողովի նախագահները ոչ բոլոր դեպքերում են արձանագրել դիտորդների բարձրաձայնած խախտումները կամ քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Հրապարակված խախտումների հիման վրա ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում եւ Ոստիկանությունում 30-ից ավելի դրվագներով նյութեր են նախապատրաստվում, եւ ՔՀԻ դիտորդները բացատրություններ են տալիս:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետեւողական է լինելու, որպեսզի արձանագրված խախտումները պատշաճ քննվեն, եւ մեղավորները օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն: