Իրանի հարավարեւելյան Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում ոստիկանական տեղամասի եւ պարեկային մեքենաների վրա հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը։
«4 մարդ, այդ թվում՝ ոստիկանական ստորաբաժանման հրամանատարը, սպանվել են հարավարեւելյան Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում ահաբեկչությունների հետեւանքով»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չորեքշաբթի առավոտյան ահաբեկիչները Ախորան ավանում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա՝ վիրավորելով շարքային ծառայողի։ Մի խումբ զինծառայողներ տեղափոխող պարեկային մեքենան, որն ուղեւորվում էր Նիքշահրի հոսպիտալ, հայտնվել էր ահաբեկիչների դարանի մեջ եւ պայթել ականի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան, վիրավորվել մի քանիսը։ Նրանց օգնության է շտապել եւս մեկ մարտական հաշվարկ, սակայն նրանք նույնպես ենթարկվել են ահաբեկիչների հարձակմանը»,- հայտնում է գործակալությունը։




























