Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլեւ տարածաշրջանի երկրներին եւ աշխարհաքաղաքական կենտրոններիրն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական քաղաքացիական հավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ սահմանադրական հանրաքվեի դեմ արտահայտվող ընդդիմադիր ուժերին եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանն այժմ ավելի լուրջ են վերաբերվում:
«Թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում շատ ավելի լուրջ վերաբերմունք կա ստեղծված ընդդիմադիր շարժման նկատմամբ: Ռուսաստանում մասնավորապես դա արտահայտվում է նրանով, որ Ռուսատանն այլեւս ծայրահեղական պիտակներ չի կպցնում ստեղծված շարժմանը, ժողովրդի երթերին եւ հավաքներին: Երկուսն էլ համարում են, որ Հայաստանում գոյություն ունի արմատական ընդդիմություն: Մենք հանդես ենք գալիս պրոհայկական շահերից, եւ պետք է հարաբերություններ ստեղծենք մեր բոլոր հարեւանների հետ»,-ասաց նա:
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին ժողովուրդը ապացուցեց, որ «ոչ» է ասում ոչ միայն Սահմանդրության նախագծին, այլեւ իշխանություններին՝ ընդգծելով, որ այս հանգամանքը պետք է նոր շունչ հաղորդի գործող իշխանության դեմ պայքարին:
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում դեկտեմբերի 6-ին, իսկապես, պատմական նշանակություն է ստանում, որովհետեւ մեր ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ ասեց «ոչ» ոչ թե սահմանդրական փոփոխություններին, այլ այն գաղութային ադմինիստրացիային, որը ստեղծվել է Հայաստանում: Այսինքն ցույց տվեցի իր վերաբերմունքը, որ ինքը չի ընդունում ստեղծված կարգը, եւ այն կարգի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում վերաբերելու է նաեւ մեզ: Շատ կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք պայքարի իմաստը, կարեւոր է ոչ միայն պայքարի ձեւերը, այլեւ դրանց որակը»,-ասաց Չուգասզյանը:
«Նոր Հայաստանի» քաղխորհուրդի անդամ Վարուժան Ավետիսյանը շտապեց տեղեկացնել, որ պետք չէ «մտահոգվել», որ դեկտեմբերի 8-ին, 9-ին, եւ 10-ին Ազատության հրապարակը սակավամարդ է եղել, քանի որ իրենք այս օրերին պարզապես ասուլիսն եր են անցկացրել, ոչ թե հանրահավաք:
«Նոր Հայաստանի» հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում:




























