«Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, բերման է ենթարկվել ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Արտակ Գեւորգյանն այժմ ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում է: Կատարվում է քննություն, պարզվում են դեպքի հանգամանքները:

Արտակ Գեւորգյանի ընկերն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ Արտակը  բերման է ենթարկվել Կողբացի փողոցից: Ըստ գրառման՝ բերման ենթարկողներից մեկը ներկայացել է որպես ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ, բոլորը քաղաքացիական համազգեստով են եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Արտակ Գեւորգյանին բեման են ենթարկել այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի դռան վրա ի նշան բողոքի՝ դույլով վարդագույն ներկ լցնելու կասկածանքով:

Նշենք, որ «Հակահարված» խմբի անդամները որպես քաղաքական բողոքի ձեւ ընտրել են  սթրիթ-արտը: Մինչեւ օրս խումբը քաղաքական գրություններով պոստերներ է փակցրել ԱԺ-ի, ԱԱԾ-ի, ՀՀ Ոստիկանության շենքերի պատերին եւ մի շարք այլ վայրերում: