Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՄԼԴԿ) առաջնորդ, նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը մինչեւ 2016 թվականի հունվարի 13-ը կմնա նախնական կալանքի տակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դատախազ Ադրիանա Բեցիշորը հաղորդել է, որ համապատասխան որոշումն այսօր կայացրել է Քիշնեւի դատարանը:

«Կարծում ենք, որ ազատության մեջ Ֆիլատը կարող է ազդել հետաքննության ընթացքի վրա»,- ասել է Բեցիշորը՝ հավելելով, որ Ֆիլատը շարունակում է հացադուլը: «Գիտենք, որ նրա առողջական վիճակը վատանում է, բայց դա նրա որոշումն է: Նա բողոքի այդ ձեւի իրավունքն ունի»,- նշել է դատախազը:

Պաշտպանական կողմը խնդրում է քաղաքական գործչին տնային կալանքի ենթարկել, քանի որ առայժմ նրա մեղքի ապացույցներ չեն ներկայացվել: