Քալիֆորնիայի ահաբեկչությունից հետո ամերիկյան միջգերատեսչական խումբը քննարկում է ԱՄՆ-ում «հարսնացուի վիզայի» տրամադրման գործընթացի վերանայումը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սայեդ Ռիզվան Ֆարուքն ու նրա կինը՝ Թաշֆին Մալիքը, ինքնաձիգներով եւ ատրճանակներով զինված հարձակում են իրականացրել Սան Ֆերնանդինոյում՝ սպանելով 14 եւ վիրավորելով 21 մարդու: Դրանից մի քանի ժամ անց ոստիկանությունը երկուսին էլ գնդակահարել է: Հաղորդվում էր, որ Մալիքը Facebook-ում գրել է ԻՊ-ին սատարելու մասին: ՀԴԲ-ն հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ծնունդով Պակիստանից Մալիքն ԱՄՆ է եկել Սաուդյան Արաբիայից, հարսնացուի վիզայով, Ֆարուքի հետ ամուսնանալու համար: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն ավելի վաղ հրաժարվել էր մեկնաբանել հրաձգության մասնակցի՝ «հարսնացուի վիզա» ստանալու մանրամասները, վկայակոչելով գործընթացի գաղտնիությունը:



























