Մարդու իրավունքները Հայաստանում ավելի պաշտպանված են, քան Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում եւ Ադրբեջանում, բայց շատ ավելի վատ են պաշտպանված, քան եվրոպական երկրներում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանում մարդու իրավունքներն, ըստ էության, լավ չեն պաշտպանվում:
«Եթե համեմատության մեջ ենք դնում աշխարհի հետ, իհարկե, մարդու իրավունքները Հայաստանում ավելի պաշտպանված են, քան Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում եւ Ադրբեջանում, բայց շատ ավելի վատ են պաշտպանված, քան եվրոպական երկրներում: Ինձ, օրինակ, բացարձակապես չի մխիթարում այն փաստը, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ավելի լավ վիճակում ենք, քան Ադրբեջանը: Մեր ստանդարտները եվրոպական ստանդարտներ պիտի լինեն»,-նշեց Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում պաշտպանված են միայն հասարակության առանձին շերտերի ներկայացուցիչների իրավունքները, քանի որ դրանք ոտնահարելու դեպքում, կարող է միջազգային աղմուկ բարձրանալ:
«Այո, ընդդիմության լիդերներին ձեռք չեն տալիս, բայց սովորական մարդկանց ամբողջատիրական տեռորի են ենթարկում: Եթե մարդը գալիս է հանրահավաք, նրան նկարում են, հետո ուսումնասիրում են նրա բոլոր կապերը, խոցելիությունը, եւ ճնշումներ գործադրում, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ անում: Սա հենց ամբողջատիրություն է, հետո ի՞նչ որ թաքնված է դեմոկրատիայի ֆասադի տակ, հետո ի՞նչ, որ իմ նման քաղաքական գործիչներին չեն հետապնդում: Հայաստանում շատ լավ ձեւ են գտել, ինչ-որ խավ կա, որը քիչ թե շատ պաշտպանված է, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված միջազգային աղմուկ կարող է բարձրանալ, այդ մարդկանց ձեռք չեն տալիս, մնացած բոլորին բռնատիրությունների տակ են պահում, սա կարելի՞ է համարել բավարար վիճակ, իհարկե ոչ: Մեզ մոտ մարդկան 95 տոկոսի իրավունքներն, ըստ էության, չեն պաշտպանվում»,-ասաց Զուրաբյանը:
Նշենք, որ այսօր ՀԱԿ-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ամենամյա երթ անցկացրեց՝ այս անգամ Ազատության հրապարակից շարժվելով դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրասենյակ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:




























