Հայաստանում այսուհետ էլ հասարակա-քաղաքական ու սոցիալական հանգիստ մթնոլորտ կպահպանվի, քանի որ հանգստության արմատները հենց ձեր երկրի պատմության մեջ են: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի հանրապետության Արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ի հանրաքվեին:
Ինչ վերաբերում է այն հնարավորություններին, որոնք Հայաստանը ստանում է կառավարման խորհրդարանական համակարգից, դիվանագետը նշեց. «Ես պատրաստ չեմ հիմա խոսել կառավարման այս կամ այն համակարգի առավելությունների ու թերությունների մասին: Թե խորհրդարանական, թե նախագահական կառավարման համակարգերը, թե ուժեղ գործադիր իշխանությամբ համակարգը գոյության իրավունք ունեն: Օրինակ Բելառուսը նախագահական հանրապետություն է, իսկ Գերմանիան, պետություն է՝ ուժեղ կանցլերով, Մոլդովան՝ խորհրդարանական կառավարման համակարգով երկիր է: Այնտեղ, որտեղ օրենքի, իրավունքի գերակայություն է, լավ արդյունքներ կան»: Օրինակ Բելառուսում, շարունակեց Իգոր Նազարուկը, միշտ կողմնակից են եղել ղեկավարի ուղիղ ընտրություններին: «Հայաստանում նույնպես ընտրական իրավունքի ավանդույթներ ու բնակչության նախասիրություններ կան: Բնակչությունը ըստ դրանց էլ կողմ է արտահայտվել այս կամ այն քաղաքական համակարգին: ժամանակը ցույց կտա, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը չի սխալվում: Իսկ այն, որ կան դժգոհներ, բնական երեւույթ է: Միշտ էլ ինչ- որ մեկը գոհ է, իսկ մյուսը՝ ոչ: Հենց դրա համար է հասարակության բազմակարծությունը: Այսինքն դուք հիմա այն արտահայտելու հնարավորություն ունեք»,- ամփոփեց դեսպանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Սահմանադրական բարեփոխումների նախագծին «այո» է ասել ընտրողների ավելի քան 63 տոկոսը: Ըստ նախատեսված փոփոխությունների՝ երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին:




























