Աչքի հիվանդություններից Հայաստանում առավել տարածված են կարճատեսությունը եւ հեռատեսությունը, ընդ որում, տոկոսային հարաբերակցությամբ, ավելի մեծ թիվ են կազմում կարճատեսությամբ տառապող մարդիկ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-օրդինատոր Տիգրան Կոստանյանը։
Նրա խոսքով, առավել վտանգավոր են հատկապես կարճատեսության հետեւանքները։ «Սա, սակայն, չի նշանակում, որ հեռատեսությանը պետք է ավելի թեթեւ վերաբերել։ Մանկական հասակում կարճատեսությանը եւ հեռատեսությանը պատշաճ կերպով չհետեւելը կարող է հանգեցնել տեսողության անդառնալի կորուստների։ Իսկ ինչպես հայտնի է, այդ ախտանիշներից եւ առաջինը, եւ երկրորդը 90 տոկոս դեպքերում առաջանում են հենց մանկական տարիքում»,- նշեց Տիգրան Կոստանյանը։ Նրա խոսքով, ծնողները պետք է ուշադիր լինեն իրենց փոքրահասակ երեխաների հանդեպ, եւ եթե նկատում են, որ վերջիններս կկոցում են աչքերը կամ շլություն ունեն, պետք է անհապաղ դիմեն մասնագետի օգնությանը։ «Եթե փոքր հասակում շլությունը ցածր աստիճանի է, ապա տարիքի հետ այն ավելի է սրվում եւ իրեն ավելի է զգացնել տալիս դպրոցական տարիքում»,- ընդգծեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ-օրդինատորը։
Անդրադառնալով վիրահատական ճանապարհով կարճատեսության եւ հեռատեսության խնդիրների վերացման հարցին՝ Տիգրան Կոստանյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում նմանատիպ վիրահատություններ իրականացվում են, եւ իրականացվում են բավական հաջող։
Հարցին, թե որքա՞ն ժամանակը մեկ եւ հատկապես ո՞ր երկրներում են ակնաբուժական կենտրոնի բժիշկները վերապատրաստում անցնում, ակնաբույժը պատասխանեց։ «Մեր մասնագետները վերապատրաստման կուրսեր անցնում են ԱՄՆ համալսարանական առաջատար կլինիկաներում։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ Հայաստան են գալիս արտասահմանցի բժիշկների խմբեր, ովքեր էլ իրենց փորձը կիսում են հայ մասնագետների հետ»,- տեղեկացրեց Վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-օրդինատորը՝ միաժամանակ ավելացնելով, որ պարբերաբար նորացվում են նաեւ վիրահատական սարքավորումները։ «Մեզ մոտ վերջին սերնդի սարքավորումներ են»,- հավաստիացրեց նա։
Բժիշկը նաեւ տեղեկացրեց, որ աչքի լազերային վիրահատության ենթարկվելու համար պացիենտը պետք է պատրաստ լինի վճարել մինչեւ 350 հազար դրամ։ «Այո, դա ամենաթանկ վիրահատություններից է։ Ընդ որում, վիրահատության այս տեսակի վրա պետպատվերի արտոնություն չի տարածվում»,- հավելեց նա։ Հարցին, թե վիրահատությունից հետո երաշխիքներ տալի՞ս է կլինիկան, որ տեսողության հնարավոր վատթարացում՝ ընդհուպ մինչեւ կուրություն, չի լինի, Տիգրան Կոստանյանը նշեց. «Մեծ փորձ ունեցող ոչ մի կլինիկա այդպիսի երաշխիքներ չի տալիս։ Հիվանդը մինչեւ վիրահատության ենթարկվելը տեղեկացվում է բոլոր հնարավոր հետվիրահատական բարդությունների եւ հետեւանքների մասին, տալիս իր գրավոր համաձայնությունը, եւ նոր միայն վիրահատվում»,- նշեց ակնաբույժը՝ նկատելով, որ համաշխարհային պրակտիկայում հետվիրահատական շրջանում տեսողության վատացման եւ կուրության 0,05 տոկոս դեպքեր, այնուամենայնիվ, գրանցվում են։





























