Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿՊՀ) կողմից Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գործունեության հետաքննությունը պատվիրովի բնույթ է կրում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
«Ես կհամաձայնեմ, որ դա ամենայն հավանականությամբ պատվեր է», - ասել է Պեսկովը: Նա նշել է, որ տեղեկատվությունը նոր չէ. Կրեմլում դեռեւս անցյալ ամառ գիտեին դա: Բայց այն ժամանակ ուրիշ մարդիկ հանդես եկան նյութի հեղինակի դերում:
Նա հավելել է, որ տեղեկությունը Կրեմլին հետաքրքիր չէ եւ այժմեական չէ: «Եթե խոսքը նրա չափահաս երեխաների մասին է, իսկ նրա երեխաները չափահաս են, նրանք մեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Այդ թեման օրակարգում գլխավորը չէ: «Այսպես ասենք, բազմաթիվ հարցեր կան, որոնք ներկայանում են որպես ամենասուր, եւ նրանցում խոսքը լրիվ այլ բանի մասին է: Դա տնտեսությունն է, սոցիալական խնդիրներն են, արտաքին քաղաքականությունն է, ֆինանսական հարցերն են», - պարզաբանել է Պեսկովը:
Ավելի վաղ Նավալնին հրապարակել էր այն հետաքննության արդյունքները, որը վերաբերում էր ՌԴ գլխավոր դատախազի ընտանիքի անդամների` հեղինակների կարծիքով անօրինական բիզնեսին: Հետաքննության գլխավոր կերպարներն են դարձել Չայկայի որդիները` Արտյոմը եւ Իգորը: ՌԴ գլխավոր դատախազը ամերիկացի Ուիլյամ Բրոուդերին է անվանել ԿՊՀ-ի անունից տպագրված հրապարակման պատվիրատու:



























