2015թ. Հայաստանի ճարտարապետության ոլորտում ձեռքբերումներ չեն եղել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ճարտարապետների միության» նախագահ Մկրտիչ Մինասյանը` նշելով, որ ճարտարապետությունը սերտ կապված է երկրի տնտեսության հետ եւ եթե կա տնտեսության աճ, ճարտարապետությունը  եւս ակտիվանում է:

«Այս տարի ճարտարապետության ոլորտում անկում է  եղել, կային շատ նախագծեր, որոնք այդպես էլ չիրականացվեցին: Այս տարվա ձեռքբերումներից էր Շահումյան հրապարակի վրա կառուցված նախարարությունների շենքը: Կան դեռ նախագծեր, որոնց իրականացումը կախված է նրանից, թե մեր պետությունն ինչքան տնտեսական աճ կունենա, որ դրանք կարողանանք իրականացնել: Հաջորդ տարի նախատեսում ենք Ազգային պատկերասրահի համար նոր շենք կառուցել,  բայց դա էլ դեռ հստակ չէ, տեսնենք կկարողանանք, թե չէ: Երբեմն գումար ներդնողների խոսքը ավելի ծանրակշիռ է լինում, քան` ճարտարապետներինը»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

 Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ ճարտարապետների ամենակարեւոր խնդիրն այժմ ճարտարապետական հուշարձանների պահպանությունն է, որը հաճախ շատ դժվար է լինում:

«Այսօր երբեմն իրավիճակներ են լինում, որ մենք ստիպված ծայրահեղ միջոցների ենք դիմում մեր հուշարձանները պահպանելու համար, քանի որ դրանք հիմնականում պետության  եւ հասարակության ուշադրությունից դուրս են: Հիմնական պատճառն այն է, որ ճարտարապետներին համախմբող մարմին չկա, որն ավելի է դժվարացնում ճարտարապետների աշխատանքը: Մենք արդեն ութ տարի է փորձում ենք Ճարտարագիտական եւ մասնագիտական օրենք մշակել, որն ավելի կհեշտացնի մեր աշխատանքը: Կարծես թե արդեն վերջացնում ենք, այն շատ դժվար ճանապարհ է անցել, քանի որ բոլորին չէ, որ դա ձեռնտու է»,-ասաց Սաշուր Քալաշյանը: