Նավթի գներն ընկնում են, եւ փորձագետները` ինչպես ռուսաստանցի, այնպես էլ օտարերկրյա, իրար հերթ չտալով կանխատեսում են Ռուսաստանի տնտեսության համար դրա հետեւանքները: Ընդ որում, որոշ «կանխատեսումներ» հին մարգարեների մռայլ հայտնություններ են հիշեցնում, իսկ ուրիշները կասկածելի կերպով հիշեցնում են  «պայծառ ապագայի» վերաբերյալ խոստումները: Այսինքն նման «մարգարեությունների» ընդգրկումը ձգվում է ռուսական տնտեսության կատարյալ կործանման  հավաստիացումներից մինչեւ պնդումներ, թե վերոհիշյալ տնտեսությունը կհաղթահարի նավթային բոլոր անդունդները: 

Ինչո՞ւ այդ հարցում միակարծություն չկա: Պետք է ենթադրել, թե բացի զուտ տնտեսական կողմից, փորձագետների մոտեցումը հաճախ թելադրվում է քողարկված քաղաքական նպատակներով: Չի բացառվում բազային տվյալների մանիպուլյացիան, ընդ որում` երկու հակառակորդ ճամբարների կողմնակից  «վերլուծաբանների» կողմից:

Այսպես, արմատական «կանխատեսումներից» մեկում պնդում են, որ նավթի եւ գազի վաճառքն ապահովում է դաշնային բյուջեի  80 տոկոսը: Այլ կանխատեսումներում նավթի եկամուտը կազմում է ողորմելի տոկոսներ:  Ամեն ինչ պարզ է. մասնաբաժինը հաշվարկվում է ոչ թե դաշնային, այլ կոնսոլիդացված, շրջանային բյուջեները ներառող բյուջեի համար:  

Նշենք, որ երկրում նավթի արտադրության ծավալը բոորովին էլ չափանիշ չէ: Եթե նավթի արդյունահանման առումով Ռուսաստանն առանձին տարիների աշխարհում առաջատար է եղել, ապա արտահանմամբ այն  «ընդամենը» երկրորդ տեղն է զբաղեցրել` Սաուդյան Արաբիայից զգալիորեն հետ մնալով: Տեղեկության համար` Սաուդյան Արաբիայում նավթն ապահովում է արտահանման 95 տոկոսը եւ պետական բյուջեի եկամտի 75 տոկոսը:

Ռուսաստանում պատկերը բոլորովին այլ է. չէ՞ որ սեփական տնտեսության մեջ նավթարտադրանքի պահանջմունքը մեծապես գերազանցում է Սաուդյան Արաբիայի պահանջմունքը: Անցյալ տարի, ասենք, արդյունահանված նավթից արտահանվել է կեսից էլ քիչը`  43,5 տոկոս: Այնինչ Սաուդյան Արաբիան արդյունահանվող նավթի մոտ  75 տոկոսը արդյունահանում է: 

Հաճախ շփոթում են «նավթ» եւ «նավթ ու նավթամթերք» հասկացությունները, ինչը եւս սխալ հաշվարկների է հանգեցնում: Ավելին, ճշտենք, որ նավթից դաշնային բյուջեի եկամուտն ապահովվում է երկու աղբյուրից` հում նավթի արտահանումից եւ նրա ներքին վերամշակումից եւ երկրում նավթամթերքի իրացումից: Նավթամթերքի մի մասը եւս արտհանվում է, այդ թվում նաեւ` Հայաստան:  Ամեն ինչից բացի, նավթը հարկվում է  օգտակար հանածոներից արդյունահանման հարկով   (ՕՀԱՀ):

Ամենայն հավանականությամբ ճշմարտությանը մոտ են Ռուսաստանի վարչապետի խոսքերն այն մասին, որ ընթացիկ տարվա   I  կիսամյակում երկրի բյուջեի նավթից եւ գազից ստացվող եկամուտը կրճատվել է մինչեւ   45 տոկոսով (մինչ այդ եղել էր կեսից ավելին, բայց 80 տոկոսից ոչ բարձր): Ընդգծենք, որ Ռուսաստանի վարչապետը նկատի ուներ ամբողջ ոլորտը  (այսինքն ոչ միայն նավթը, այլեւ գազը), եւ բոլոր եկամուտները, որ միայն ընդամենը արտահանումից:

Իհարկե հսկայական երկրի բյուջեի համար նույնիսկ մեկ տոկոսի կրճատումը լուրջ խնդիր է ստեղծում: Բայց գործը մի տոկոսով չի ավարտվում: Մանավանդ որ նավթի համաշխարհային շուկայում միտումները նավթարդյունահանող երկրների, այդ թվում նաեւ` Ռուսաստանի համար հուսադրող չեն:

Սմբատ Գրիգորյան