Թուրքիայի համար 2015թ.-ն տխուր տարի էր, մարդիկ կորցրել են լավատեսությունն ու սարսափով են սպասում 2016թ.-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ ամփոփելով նախորդ տարին:
Պարոն Էստուկյան, Թուրքիայում նախորդ տարի լի էր իրադարձություններով՝ խորհրդարանական ընտրություններ, թուրք-քրդական եւ թուրք-ռուսական լարված հարաբերություններ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր տարին Թուրքիայի հասարակության եւ իշխանությունների համար:
2015թ.-ն Թուրքիայի համար տխուր տարի էր, քանի որ ավարտվեց պատերազմով: Երկրի արեւելյան հատվածում շատ քաղաքներ պաշարման մեջ են, բանակը տանկերով շրջում է փողոցներում եւ աջ ու ձախ կրակում: Կարելի է ասել՝ քաղաքացիական պատերազմ է ընթանում Թուրքիայում, ինչքան էլ որ այդ մասին չեն հրապարակում, բայց սա փաստը: Երկիրը ժողովրդավարությունից հեռացել է եւ մատնվել է մենատիրության եւ բռնապետության: Ըստ իս, 2015թ.-ն տխուր տարեթիվ է, որը մարդիկ դեռ երկար կհիշեն:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար հենց ժողովրդավորություն է անհրաժեշտ: Հետեւաբար, ներկայիս իրավիճակում արտաքին հարաբերությունների ոչ թե բարելավում, այլ սրացում է սպասվում:
Թուրքիայի հասարակությունը դեռ երկար նաեւ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները կհիշի, քանի որ ռուսական ինքնաթիռի խոցումը ճգնաժամ առաջացրեց: Երկու երկրներն էլ իրենց զբոսաշրջիկներին հորդորել են չայցելել հակառակորդ երկիր: Թուրքիան իր հերթին տարբեր ապրանքներ էր արտահանում Ռուսաստան, գազ էր ստանում այդ երկրից, եւ այժմ այս ամենը հարցականի տակ են: Բացի դրանից, Ռուսաստանը շատ կարեւոր ներդրումներ ուներ Թուրքիայում, օրինակ, ատոմակայանը: Սա էլ է կարծես ձախողված:
Այս ամբողջը նաեւ Հայաստանի հետ է առնչվում, քանի որ առեւտրային հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, Հայաստանի սահմանները պաշտպանում է ռուսական բանակը: Հետեւաբար, եթե հարձակում լինի, առաջին կետը հենց հայկական հողերը կլինեն:
Այսքանին գումարած նաեւ փաստը, որ Էրդողանն էլ կարծես հավասարակշռությունը կորցրած լինի, քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ որոշում կկայացնի, եւ դեպի ուր կընթանա: Այս ամենի պատճառով էլ տարին ավարտեցինք հոռետեսությամբ, մարդիկ կորցրել են լավատեսությունը, հավատը վաղվա օրվա նկատմամբ եւ վախով եւ սարսափով են սպասում հաջորդ օրվան: Թուրքիայի մեծամասնությունն այսօր հենց այս մտահոգությունն ունի:
Հայ-թուրքական հարաբերություններում արդյոք զարգացո՞ւմ կա:
Ակամայից հիշեցի Թուրքիայի նախկին նախագահներից մեկի հետեւյալ հայտարարությունը. «Հայոց ցեղասպանության գործընթացը մեկ անգամ տրաքելիք փամփուշտներ են: Թողեք մեկ անգամ արձակվի այդ փամփուշտը, տեսնենք՝ ինչ կլինի»: Կարծես թե այս տարի Թուրքիան հենց այս տրամաբանությունն ուներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին մեծ արձագանք եղավ միջազգային հանրության կողմից: Եթե դիտարկենք, թե մեր պահանջատիրության առումով ինչ նշանակություն ունեցավ 2015թ.-ն, միանշանակ կարող ենք ասել, որ մեծ ձեռքբերումներ չենք ունեցել:
Նոր տարի է սկսվում, սակայն 2014թ.-ի մեր պահանջները նույնն են մնացել: Պատճառն այն է, որ միջազգային հանրության համար Թուրքիան առավել կարեւոր է, քան Հայաստանը: Բնականաբար, 80 միլիոնանոց բնակչությամբ Թուրքիան առավել հետաքրքիր է աշխարհի համար, քան 3 միլիոնանոց Հայաստանը:
Ափսոս, հայ ժողովուրդն այս իրողությունը դժվարանում է տեսնել: Մեզ համար առավել կարեւոր կլիներ, եթե հայրենիքը վերակերտեինք, Հայաստանը զարգացնեինք:
Պարոն Էստուկյան, 2015թ-ն առանձնահատուկ էր նաեւ Թուրքիայի հայ համայնքի համար, առաջին անգամ խորհրդարանում 3 հայ պատգամավոր ունենք:
Հայերն ընդհանրապես քաղաքականացված չեն Թուրքիայում, եւ այս տարի առաջին անգամ մասնակցություն ունեցան Թուրքիայի քաղաքական կյանքում: 2015թ.-ն ուշագրավ էր նաեւ այն փաստով, որ իսլամացված հայերը մկրտվեցին: Ակնկալում ենք, որ այս ամենը շարունակական կլինի:




























