ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ «բավարար հիմքեր» ունեն ենթադրելու, թե Միացյալ Նահանգները ռազմական հանցագործություններ են կատարել փետրվարի 28-ին Իրանին հասցված երկու ավիահարվածների ժամանակ, հայտնում է Associated Press-ը։
Իրանում փաստահավաք միջազգային առաքելության տվյալներով՝ այդ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 178 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Հարվածներից մեկը հասցվել է Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի «Շաջարե Թայյեբե» դպրոցին։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է 168 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։
Associated Press-ի ավելի վաղ անցկացրած հետաքննությունը պարզել էր, որ դպրոցին խոցել է առնվազն մեկ ամերիկյան հրթիռ։ Մարտին CBS News-ի աղբյուրները հայտնել էին, որ ամերիկյան կողմի նախնական գնահատմամբ բարձր էր համարվում հարվածի համար ԱՄՆ-ի պատասխանատվության հավանականությունը։ Ընդ որում, այդ տվյալների համաձայն, դպրոցը դիտավորյալ թիրախ չի եղել․ ենթադրվում էր, որ պատճառը կարող էր լինել հնացած հետախուզական տվյալների օգտագործումը, որոնցով այդ տարածքը սխալմամբ շարունակել են համարել իրանական ռազմական օբյեկտի մաս։
Երկրորդ դեպքը, որին անդրադարձել են ՄԱԿ-ի փորձագետները, տեղի է ունեցել նույն օրը Լամերդ քաղաքում։ Նրանց տվյալներով՝ ամերիկյան ուժերը գերճշգրիտ հրթիռներ են կիրառել, որոնք վոլֆրամե խոցող տարրեր են ցրել մարզահամալիրի և բնակելի թաղամասի վրա․ դրանք «հստակ երևացել» են որպես քաղաքացիական օբյեկտներ։
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ երկու դեպքում էլ հիմքեր կան ենթադրելու, որ ԱՄՆ-ն անխտիր հարձակումներ իրականացնելու ժամանակ ռազմական հանցագործություն է կատարել։ Այդ հարձակումները հանգեցրել են քաղաքացիական անձանց զոհվելուն կամ վիրավորվելուն, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասմանը։
Միևնույն ժամանակ, առաքելությունը հայտարարել է նաև իրանական անվտանգության ուժերի իրականացրած զանգվածային սպանությունների մասին։ Նրա գնահատմամբ՝ դրանք Իրանում տեղի են ունեցել «ապշեցուցիչ ծավալներով»։
Սպիտակ տունը և ամերիկյան զինվորականները դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությանը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը նախկինում բազմիցս հերքել է քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ Իրանի մեղադրանքները՝ նշելով, որ ամերիկյան զինուժը դիտավորյալ հարվածներ չի հասցնում խաղաղ բնակիչներին։





























