Շվեդահայ Մուրադ Արթինը Շվեդիայի խորհրդարանի առաջին պատգամավորն էր, որը հանդես է եկել հայերի, ասորիների եւ արամեացիների՝ 1915 թվականի ցեղասպանության ճանաչման մի շարք նախաձեռնություններով: Նա նաեւ հանդես է եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների նախաձեռնությամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մուրադ Արթինը խոսել է իր արմատների, Շվեդիա տեղափոխվելու, ծավալած քաղաքական գործունեության մասին:

Պարոն Արթին, պատմեք Ձեր հայկական արմատների մասին, որտեղի՞ց են Ձեր ծնողները:

Հայրս Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքից է, իսկ մորս նախնիները Դիարբեքիրից են: Ցեղասպանության տարիներին նրանք գաղթել են Իրաք, որտեղ էլ ծնվել են իմ ծնողները: Հայրս Բասրայում է ծնվել, մայրս՝ Բաքուբայում: Ինքս էլ եմ Իրաքում ծնվել, բայց կարելի է ասել՝ վանեցի եմ:

Արդեն 30 տարուց ավելի է՝ Շվեդիայում եք բնակվում, ինչո՞ւ եք տեղափոխվել:

Իրաքից արտագաղթել եմ 1980թ.-ին, քանի որ իմ քաղաքական հայացքները չէին ընդունվում իրաքյան ռեժիմի կողմից: Ես պայքարում էի հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, ունեի «ձախ արժեքներ եւ գաղափարախոսություն»: Իրաքից մեկնելուց հետո ճամփորդել եմ եվրոպական տարբեր երկրներով, մինչեւ հասա Լեհաստան, որտեղ ունեի ընկերներ, որոնց մոտ կարող էի բնակվել: Լեհաստանում ճարտարապետություն էի սովորում, սակայն Իրաքի ոստիկանությունը շարունակում էր ինձ հետապնդել, եւ ես ստիպված կիսատ թողեցի ուսումս եւ մեկնեց Շվեդիա: Հենց այստեղ էլ ես նոր կյանք սկսեցի եւ այլեւս հետ չեմ նայել:

Շվեդիայում ինչպե՞ս ճարտարապետ Մուրադ Արթինը դարձավ քաղաքական գործիչ:

Միշտ էլ ակտիվ եմ եղել քաղաքականության մեջ, նույնիսկ երիտասարդ տարիներս, երբ Իրաքում տեսնում էի անարդարություն, պայքարում էի դրա դեմ: Բռնապետական երկրից տեղափոխվելով ավտորիտար, ապա ժողովրդավարական Շվեդիա, որտեղ կարող ես օգտագործել քո ժողովրդավարական, քաղաքական ու սեփական իրավունքները, ես ոգեւորվեցի եւ շարունակեցի իմ քաղաքական գործունեությունը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր եք եղել: Ձեր կարծիքով, ո՞րն է եղել Ձեր կարեւորագույն նախաձեռնությունը խորհրդարանում:

Շվեդիա տեղափոխվելուց հետո 12 տարի աշխատել եմ միգրանտների գծով խորհրդատու եւ աշխատանքի տեղավորման գործակալ: Այնուհետեւ 1998թ.-ին ընտրվել եմ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Իմ քաղաքական թեմաները միջազգային են եղել, օրինակ, մարդու իրավունքներ, արտաքին առեւտուր եւ ՄԱԿ: Ինձ համար ամենակարեւորն այն էր, որ Շվեդիայի խորհրդարանը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: 1999թ.-ին ես առաջին զեկույցով հանդես եկա, որում առաջարկում էի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Խորհրդարանը զեկույցով հանդես եկավ 2000թ.-ին: Այդ ոլորտում որոշակի հետազոտություն կատարելուց հետո հասկացա, որ Օսմանյան Կայսրության կողմից այդ տարիներին այլ ազգեր նույնպես տուժել են, առաջարկեցի, որ Շվեդիան դրանց վերաբերյալ էլ զեկույցներով հանդես տար: Ես ուզում էի, որ ճանաչեինք հույների, ասորիներ եւ արամեացիների ցեղասպանությունները, սակայն խորհրդարանը մերժեց: Միայն 2010թ-ին Շվեդիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այս բանաձեւում ներառվել էին նաեւ վերոնշյալ ազգերը: Սրանով ես ամենաշատն եմ հպարտանում, սակայն ինձ համար կարեւոր է նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանմանն ուղղված պայքարը:

Պարոն Արթին, առաջինն էիք Շվեդիայում, որ խոսեցիք Հայոց ցեղասպանության մասին: Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:

Շատ կարեւոր է, որ մյուս երկրներն էլ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի միջոցով ստիպեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը: Նաեւ կարեւոր է, որ զոհերի ժառանգներն ու վերապրածները Թուրքիայից ստանան փոխհատուցում՝ իրենց ապրած ցավի եւ տարածքները կորցնելու համար: Առաջ շարժվելու միակ ճանապարհը սա է:

Հայերի համար կարեւորագույն հարցերից մեկն էլ Ղարաբաղյան կոնֆլիկտն է:

Ղարաբաղյան հարցի մասին ես Շվեդիայի խորհրդարանում տարբեր զեկույցներով եմ հանդես եկել: Մենք պետք է այս հարցը լուծենք խաղաղ ճանապարհով, երբ Ղարաբաղը Հայաստանի մասը կկազմի, կամ էլ միջազգային հանրությունը կճանաչի Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն:

2002թ.-ից այլեւս պատգամավոր չեք: Ինչո՞վ եք այժմ զբաղվում:

Ես Օրեբրոյի քաղաքապետարանի անդամ եմ, Ձախ կուսակցության ղեկավարը քաղաքապետարանում: Այժմ զբաղվում եմ քաղաքի խնդիրներով, օրինակ, սոցիալական ապահովություն, քաղաքապետարանի բյուջե, աշխատանքի տեղավորում: