Հայաստանում տպագիր մամուլը գոյատեւման պայքար է մղում, իսկ գլխավոր մեղավորները պատասխանատուներն են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Պարոն Ավետիքյան, Հայաստանում կարծես թե տպագիր մամուլը կամաց-կամաց դիրքերը զիջում է էլեկտրոնային լրատվամիջոցներին:
Այո, Հայաստանում գոյատեւման պայքարի մեջ է տպագիր մամուլը, մեր երկրում մամուլի ննկատմամբ հետաքրքրությունը վերջանում է: Եթե շատ զգայացունց, սենսացիոն բան չկա, հասարակության մոտ հետաքրքրվածությունն էլ է կորում:
Ինչո՞ւ չկա հետաքրքրվածություն մարդկանց մոտ:
Ծանր խնդիր է, տպագիր մամուլը տարիների, տասնամյակների ընթացքում լավ չաշխատեց: Մենք չսովորեցրինք մեր երիտասարդներին, պատանիներին, որ թերթն անհրաժեշտ է, կարեւոր նշանակություն ունի: Մենք ոչինչ չարեցինք, որ քաջալերենք մեր հավատարիմ ընթերցողներին: Նույնիսկ Թուրքիայում քիչ տպաքանակ ունեցող թերթերն իրենց հավատարիմ ընթերողներն ունեն, որոնց տարին գոնե մեկ անգամ պարգեւատրում են, նրանց կարծիքները տպագրում թերթում: Եվրոպայում այլ մեխանիզմ է գործում. Հենց օրինակ, Գերմանիայում թերթերն աշխատում են դպրոցականների հետ, քանի որ գիտեն՝ իրենց ապագա սպառողներն են: Մինչդեռ Հայաստանում ոչինչ չարեցինք:
Երկրորդ, չունենք գովազդային շուկա: Եթե գովազդային շուկա չկա, մամուլն ինչպե՞ս կարող է գոյատեւել: Այն, ինչ տեսնում ենք, գովազդային շուկա չէ:
Բացի դրանից, վերջին 25 տարիների ընթացքում չեղավ մի դեպք, որ երկու թերթ միավորվեն եւ միասին շարունակեն աշխատել: Եթե նման բան չկա, ուրեմն տեղեկատվության շուկա Հայաստանում գոյություն չունի:
Պարոն Ավետիքյան, ովքե՞ր են մեղավոր, որ այսօր թերթերն այս իրավիճակում են հայտնվել:
Մեղավորներ ենք բոլորս: Մենք սովորեցրինք մեր ժողովրդին, որ տեղեկատվությունն անվճար է լինում: Եթե չկա եկամուտ, ինչպե՞ս գոյատեւեն այդ թերթերը: 3000-ից ավելի տպաքանակ ունեցող թերթ Հայաստանում չկա, ողորմելի վիճակում ենք: Արդեն 21 տարի Հայաստանում թերն արժե 100 դրամ, ինչպե՞ս է լինում, որ այս տարիների ընթացքում թերթը չի թանկանում: Ինչպե՞ս է լինում, որ 40 հազար տպաքանակ ունեցող թերթը դառնում 1000-2000 օրինակ:
Երկիրը, որն ուզում է գնալ ժողովրդավարական ուղիով, պետք է հնարավորություններ ու պայմաններ ստեղծի տպագիր մամուլի զարգացման համար:
Թերացե՞լ եք:
Այո թերացել ենք, ոչ սպառողների հետաքրքրությունն ենք զարգացրել, ոչ սովորեցրել ենք, որ լավ տեղեկատվության համար պետք է վճարեն, ոչ երեխաների հետ ենք աշխատել՝ որպես ապագա սպառողներ, ոչ լրագրողներին ենք սովորեցրել, որ պետք է զարգանան եւ ավելի լավ հոդվածներ գրեն: Հայաստանում այսօր հետաքննական, վերլուծական լրագրություն չունենք:
Մի հուսադրող բան չկա. չնայած մեր թերթերը մի կերպ են գոյատեւում, լրագրողները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանում, բոլորը շարունակում են աշխատել:
«Ազգ» օրաթերթն այսօր համանուն կայք ունի: Հնարավո՞ր է առաջնային դառնա հենց կայքը:
Թերթն ու համանուն կայքը կարծես թե հավասարվել են, ինձ համար սա մտահոգիչ փաստ է: Մեր թերթը շաբաթական մի քանի անգամ է լույս տեսնում, ուղղվածությունը փոխել ենք, այլեւս թղթակցություններ չունենք, միայն վերլուծական հոդվածներ:
«Ազգը» դեռ ունի հավատարիմ ընթերցողներ, սակայն մինչեւ երբ կունենք մեր ընթերցողներին, չեմ կարող ասել: Այդ պատճառով կայքը զարգացնելու ցանկություն ունենք, սակայն ֆինանսավորման խնդիր ունենք:




























